Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Ռուսաստանը «վա-բանկ» արտաքին քաղաքականություն է վարում

Ռուսաստանը «վա-բանկ» արտաքին  քաղաքականություն է վարում
24.09.2013 | 00:15

Կատարվեց այն, ինչի մասին այնքան երկար ու նախանձախնդրորեն խոսում էին հայ քաղգործիչներն ու քաղաքագետները. Սերժ Սարգսյանը հարկադրված էր հրաժարվել միանգամայն հասկանալի ու առարկայական եվրոպական ուղուց և հայտ ներկայացնել անդամակցելու մի կազմակերպության, որի անդամ, ըստ էության, չի կարող լինել։ Սեպտեմբերի 3-ի դրամատիկ ու տխրամած օրվանից շատ չանցած, Ռուսաստանի վարչապետ Դ. Մեդվեդևը, որն առավել մեծ ջանքեր է գործադրել Ղարաբաղը Ադրբեջանի վերահսկողությանը վերադարձնելու գործում, հրապարակավ խոստովանեց, որ Հայաստանը չի կարող Մաքսային միության լիարժեք անդամ լինել։ Խիստ սահմանափակ ձևաչափի այդ կազմակերպությունն ունի ոչ թե տնտեսական, այլ ընդգծված շահադիտական քաղաքական հենք, և շատ թե քիչ սթափ մտքի տեր մարդիկ լիովին հասկանում են, որ անգամ իր ներկա ձևաչափում այն շուտով փուլ է գալու, իրենից հետո ծիծաղելի հուշեր միայն թողնելով։
Ըստ էության, Ռուսաստանին պետք էլ չէր Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը, խնդիր էր դրված` թույլ չտալ, որ նա ինտեգրվի Եվրամիությանը, ինչպես նաև ՆԱՏՕ-ին։ Սա բոլորն են հասկանում, և դա դարձավ կոշտ ճնշման ու քաղաքական ցինիզմի արտահայտություն։ Արտգործնախարար Է. Նալբանդյանը զուր է ջանում սեպտեմբերի 3-ին Մոսկվայում կայացած «երկխոսությունը» ներկայացնել իբրև Ռուսաստանի կողմից ճնշումից զերծ նորմալ բանակցություններ։ Դա վտանգավոր վարքագիծ է, որովհետև վաղ թե ուշ կպարզվեն Ս. Սարգսյանի կողմից Մոսկվայի թելադրանքի ընդունման շատ հանգամանքներ։ Հայաստանի վրա ճնշում գործադրելու համար Մոսկվայի օգտագործած քաղաքական ու քարոզչական շատ ռեսուրսներ պարունակել են ներգործության այն ամբողջ հնարավոր «հավաքածուն», ինչի մասին խոսվել է միանգամայն բացահայտորեն։ Ահա` վիզային անցակարգ, գազի գին, պայմանագրային բազայի վերանայում, ներառյալ զինամատակարարումները, ռուսական ձեռնարկությունների գործունեության դադարեցում, ռուսական զինամատակարարումների միջոցով Ադրբեջանի հզորացում և ընդդիմությանը աջակցության ցուցաբերում։ Ս. Սարգսյանը հասկացել է, որ աջակցության վերաբերյալ Հայաստանին տված ոչ մի խոստում Ռուսաստանը չի կատարելու, որովհետև նա ուղղակի ռեսուրսներ չունի դրա համար, իսկ եթե ինչ-որ բան արվի էլ, ապա դա կլինի «դեղատնային չափաբաժնով»` «աջակցություն հլու-հնազանդ ենթակայության դիմաց» սխեմայով։ Ռուսաստանի այդ քաղաքականությունը միտված է մերձակա խնդիրների լուծմանը, նրանում ռազմավարական ոչինչ չկա, այսինքն, առաջվա նման Ռուսաստանը Հայաստանի առնչությամբ հետապնդում է սոսկ «այսօրվա» շահեր ու խնդիրներ։ Ս. Սարգսյանն այդ բանը չէր կարող չհասկանալ, բայց նրա առջև ծառացել էր Ռուսաստանի ջանքերով Հայաստանի տնտեսական, օպերատիվ ռազմական ու քաղաքական կոշտ շրջափակման ու մեկուսացման միանգամայն իրական հեռանկարը, ընդ որում այն պայմաններում, երբ Եվրամիությունը և առհասարակ Արևմտյան ընկերակցությունը ներկայումս պատրաստ չեն և ընդունակ չեն Հայաստանին առաջարկելու Ռուսաստանի այդ քաղաքական-տնտեսական ագրեսիայի հետևանքների կանխման որևէ գործուն եղանակ։ Մոսկվայում հասկանում էին, որ Հայաստանն ու հայերը պատշաճ կերպով կընդունեն դա, և իրոք, նույնիսկ ռուսամետ կուրսի կողմնակիցներն են հիմա «գլուխներն ափերի մեջ առել», թե էս ինչ «ռազմավարական գործընկեր» ունի Հայաստանը։ Բայց Ռուսաստանը «վա-բանկ» արտաքին քաղաքականություն է վարում, նրան չեն հետաքրքրում որոշակի երկրների ժողովուրդների համակրանքն ու հակակրանքը, Ռուսաստանը ոչինչ չունի կորցնելու, նրա վերնախավը հասկանում է, թե ինչ է սպասում իրենց երկրին, և նրան ուր են քշում միջազգային քաղաքականության ալիքները։ Չկա ու չի կարող լինել մի որևէ հաշվարկ, որն ուշադրության առնի անցյալի իրողությունների հետ հետադարձ կապի գործոնները։ Հարկավոր է դուրս պրծնել սաստկացող միջազգային ու տարածաշրջանային շրջափակումից, բոլոր ուղղություններում, հիմա, ու դրա համար էլ ոչ թե պարզապես քաղաքականություն է իրականացվում, այլ ուղղակի ճնշում, այնտեղ, ուր հնարավոր է, ընդ որում ճնշման համար ընդունելի ուղղություններն այնքան էլ շատ չեն։
Սերժ Սարգսյանը չէր կարող չփորձել քաղաքական հեռանկարի «հաշվարկներ» անել։ Նա հրաշալի է հասկանում, որ Մաքսային միությունը, ՀԱՊԿ-ը և Ռուսաստանի գլխավորած ցանկացած այլ դաշնախումբ շատ շուտով փուլ են գալու, և միայն այս կերպ Հայաստանին կհաջողվի հասնել անկախ գոյության կացութաձևի, ինչպես եղավ Խորհրդային Միության փլուզման պահին։ Հայաստանի առնչությամբ Արևմտյան ընկերակցության քաղաքականության մասին Սերժ Սարգսյանին տեղեկություններ ու կանխատեսումներ տրամադրող փորձագետներն ու դիվանագետները ակնհայտորեն չափազանցել են, նրան համոզելով, թե Հայաստանը պետք է Արևմուտքին և նրան, փաստորեն, կընդունեն առանց այլևայլության։ Դա էր դեր խաղացել նրա այն դատողություններում, որ եթե Հայաստանը հիմա պետք է Արևմուտքին, ապա վաղն էլ պետք կլինի։ Սա կեղծ իրատեսական մտածողություն է, բայց ունենք այն, ինչ ունենք։ Դրա հետ մեկտեղ, իրավիճակը նկատելիորեն փոխվել է, ու չնայած Հայաստանի հետ հարաբերությունները խորացնելու մտադրությունների մասին Եվրամիության ներկայացուցիչների որոշ հայտարարություններին, այդ ամենը սոսկ խոսք է, Եվրամիության քաղաքական օրակարգում Հայաստանն այլևս չկա, ու հայտնի չէ, թե ինչ պահանջներ կներկայացնի Եվրոպան, եթե Հայաստանը փորձի վերադառնալ իր արևմտյան կուրսին։ Կասկածից վեր է, որ դեպի ՆԱՏՕ Հայաստանի ուղին ինքնաբերաբար կդառնա շատ ավելի բարդ, և ՆԱՏՕ-ի ծրագրերին ներկա մասնակցության պահպանման պարագայում Հայաստանին առարկայական աջակցություն չի ցուցաբերվի, և ընդհանուր առմամբ նրա նկատմամբ դաշնախմբի վերաբերմունքն ավելի զուսպ ու զգուշավոր կլինի։ Այսպիսով, «սեպտեմբերի 3-ը» լուծեց ոչ միայն Եվրամիության, այլև ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի համագործակցության հարցը։ Սերժ Սարգսյանի դիրքորոշումը կարելի է անվանել հարկադրական-ապակառուցողական` հիմնված «արտաքին միջավայրի» քաղաքականության «ձախողումների» ու «փակուղիների» վրա, ինչի հետ էլ հույսեր են կապվում։ Որքան էլ ծանր լինեն արտաքին հանգամանքները, աղետի ամբողջ պատասխանատվությունն ընկնելու է անմիջականորեն Սերժ Սարգսյանի վրա, և ոչ թե նրա թիմի։ Նա ինքն է որոշումն ընդունել և պետք է հասկանա դա։
Իսկ որո՞նք են հայոց պատմության «նոր փուլի» սպասելիքները։ Վարչակազմը կարողացել է լիովին չեզոքացնել ընդդիմության բոլոր հնարավորությունները և տեսանելի հեռանկարում իրեն զերծ պահել վտանգներից։ Ինչ-որ չափով իրենց կարող են հարմարավետ զգալ հայ օլիգարխներն ու ուրիշ շատ ձեռնարկատերեր։ Ընդդիմության, համենայն դեպս, նրա առանձին խմբերի շրջանում կառավարական նոր կոալիցիայի ստեղծման վերադառնալու հնարավորության հույսեր են առաջացել։ Դրա հետ մեկտեղ, միանգամայն հնարավոր են սպասելիքները Արևմտյան ընկերակցության կողմից Հայաստանի քաղաքական և տնտեսական շահերի անտեսման առումով, ներառյալ ինչպես պետական, այնպես էլ մասնավոր առևտրային սուբյեկտները։ Արևմտյան ընկերակցությունը, անկասկած, կվարի «միջազգային իրավունքի» հիման վրա ղարաբաղյան խնդրի ծավալման քաղաքականություն, ինչը կնշանակի ուժեղ ճնշում Հայաստանի և Ռուսաստանի վրա։ Վերջինս, այդ բեռն իր ուսերից թոթափելու համար, կփորձի ղարաբաղյան խնդիրը լուծել հօգուտ Ադրբեջանի։ Ընդհանուր առմամբ, տնտեսական արտագաղթը, իհարկե, կշարունակվի, Ռուսաստանը կշարունակի ուժեղացնել Ադրբեջանը, թույլ չտալ Հայաստանի որևէ ռազմական առավելություն։ Հարցն այն է, թե որքան կշարունակվի այդ մառազմը։
Այսպիսով, հայկական վերնախավն ու հանրությունը անկարող եղան կառուցելու ո՛չ արտաքին քաղաքականություն, ո՛չ էլ ներքին։ Շատ թե քիչ քաղաքակիրթ քաղաքական և տնտեսական շարժիչ ուժ ձեռք բերելու փորձերը քիչ էր մնացել ողբերգական ավարտ ունենային։ Դա հայերին երկար ժամանակով զրկեց բնակության համար ընդունելի երկիր կառուցելու ցանկությունից։ Արդյո՞ք Մաքսային միությունը հնարավորի առավելագույն սահմանն է։

Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 26284

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ